Հավելվածների մշակողներն այլեւս չեն կարող օգտագործել Google-ի դոմենը՝ արգելափակումները շրջանցելու համար, փոխանցում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով The Verge պարբերականը:

Ապրիլի 13-ին Google-ի ցանցային ճարտարապետության փոփոխությունները նկատել են Tor անանուն ցանցային միացման կազմակերպման համար պրոքսի-սերվերների համակարգի մշակողները: Ավելի ուշ ընկերությունն ինքը հաստատեց, որ այն փոփոխություններ է կատարել ծրագրային ապահովման մեջ:

«Կեղծ դոմենները երբեք չեն մտել Google-ի կողմից պաշտպանվող գործառույթների մեջ»,- հայտարարել  է ընկերության ներկայացուցիչը:

«Մինչ վերջերս նրանք աշխատում էին մեր ծրագրային ապահովման ստեկի պատճառով: Մենք մշտապես զարգացնում ենք մեր ցանցը, եւ ծրագրային ապահովման արդիականացման շրջանակներում կեղծ դոմեններն այլեւս չեն աշխատում: Ապագայում մենք չենք նախատեսում վերադարձնել այս գործառույթը»,- հավելել է Google-ի ներկայացուցիչը: