Շարժման կազմակերպիչները եւ մասնակիցները չեն կիրառում բռնություն եւ երբեք չեն կիրառելու, իսկ բոլոր այն անձինք, ովքեր հրահրում են նման գործողությունները կամ բռնություն են կիրառում որեւէ մեկի նկատմամբ, չեն հանդիսանում ակցիայի մասնակիցներ: Այս մասին հայտարարություն են տարածել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցեր եւ երթեր կազմակերպող քաղաքացիական նախաձեռնությունները:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունները այն մասին, թե հավաքի կազմակերպիչները իրենց սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների, չի համապատասխանում իրականությանը:

Շարժման կազմակերպիչները եւ մասնակիցները չեն կիրառում բռնություն եւ երբեք չեն կիրառելու, իսկ բոլոր այն անձինք, ովքեր հրահրում են նման գործողությունները կամ բռնություն են կիրառում որեւէ մեկի նկատմամբ, չեն հանդիսանում ակցիայի մասնակիցներ:

Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններից եւ հավաքի կազմակերպիչների հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց, ապահովել խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների անվտանգությունը եւ հետեւողական լինել իրական սադրիչների եւ բռնություն կիրառող անձանց ինքնությունը պարզելու եւ օրենքով սահմանված կարգով նրանց պատժելու համար»,-ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» նախաձեռնության ակցիաների առնչությամբ ոստիկանությունը մի շարք հայտարարություններ է տարածել, որտեղ նշել է, որ այդ միջոցառումներն ապօրինի են, որ կազմակերպիչներն ու մասնակիցները անպատասխանատու եւ սադրիչ քայլեր են իրականացնում:

«Առավոտից մայրաքաղաքում շարունակվող ապօրինի հավաքների կազմակերպիչներն իրենց ակնհայտորեն քողարկված «խաղաղ» կոչերով, սակայն ակնառու սադրիչ վարքագծով հավաքի մասնակիցներին ուղղորդում են տարբեր հակաիրավական գործողությունների՝ կոպտորեն խոչընդոտելով քաղաքացիների, հանրային ծառայողների, երթեւեկության մասնակիցների իրավունքների եւ ազատությունների իրացմանը»,-մասնավորապես, ասված է ոստիկանության հայտարարությունում: