Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը համաձայնել են, որ քիմիական զենքի օգտագործումն «անընդունելի է»: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բրիտանական  կառավարության մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում Մեյը նշել է, որ «Սկրիպալների դեմ «նյարդային գործակալի» կիրառումը լուրջ հարձակում էր Բրիտանիայի ինքնիշխան տարածքի վրա եւ «նյարդային գործակալների» կիրառման առաջին դեպքը՝ եվրոպական հողի վրա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»: Խոսելով Սիրիայի մասին՝ Մեյը նշել է, որ, հաշվի առնելով այն, որ «Ռուսաստանը արգելափակում է դիվանագիտական գործողությունները, անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը միասին աշխատի անկախ մեխանիզմը վերականգնելու համար, որը պատասխանատվության կենթարկի Դումայում տեղի ունեցած հարձակման նման հարձակումների հեղինակներին»:

Սի Ցզինպինն իր հերթին նշել է, որ ենթադրվող քիմիական հարձակումները Սիրիայում պետք է համապարփակ, արդար եւ օբյեկտիվ հետաքննության ենթարկվեն, որի արդյունքները պետք է ստուգում անցնեն պատմությամբ՝ սիրիական ճգնաժամը հնարավորինս արագ քաղաքական միջոցներով լուծելու համար, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը: Կողմերը պայմանավորվել են երկու երկրների միջեւ երկկողմ կապերի «ոսկե դարաշրջանի» հետագա առաջխաղացման մասին: