«Չնայած նրան, որ ոմանք հայտարարում են խաղաղ ցույց իրականացնելու մասին, սակայն ոստիկանական շղթան ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ բնույթի մասին»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ բռնությունը միայն ֆիզիկական բռնությունը չէ։ «Կապ չունի, որ գոռում են, թե բռնությանը դեմ են, բայց, փաստացի, շենքեր են շրջափակում։ Այս պայմաններում ծառայողները չեն կարողացել բնականոն հունով իրենց ծառայությունն իրականացնել, իսկ քաղաքացիներն էլ օգտվել ծառայություններից»,-նշել է նա։

Պատասխանելով ցույցի օրինականության մասին հարցին, Դավիթ Հարությունյանը վստահեցրել է, որ ցույցը օրինական չէ։ «Օրինական լինելու համար պետք է իրազեկել ցույցի ժամանակացույցի եւ երթուղու մասին։ Եթե փոխվում է երթուղին, ապա սա նշանակում է, որ այն օրինական չէ։ Սա ենթադրում է վարչական պատասխանատվություն, բայց ոչ ցրելու անհրաժեշտություն։ Ցրելու համար բացարձակապես այլ հիմքեր է օրենքը նախատեսում»,-հավելել է արդարադատության նախարարի պաշտոնակատարը։

Հարցին, թե կառավարության նիստում անդրադարձ եղել է փողոցներում ընթացող ցույցերին՝ նա հայտնել է․ «Նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի զարգացմանը վերաբերող կարեւորագույն հարցերին»։

Լրագրողներից մեկի հարցին թե իրենց դուր գալիս է աշխատել կառավարության շենքի շրջափակման պայմաններում, Դավիթ Հարությունյանը նկատել է․ «Իհարկե չենք երազել այսպիսի պայմաններում աշխատել, սակայն կառավարության շենքի շրջափակումն ինքնին անօրինական գործողություն է»,-եզրափակել է նա։