«Իմ քայլը» նախաձեռնությունը վաղը՝ ապրիլի 20-ին կրկին վերադառնալու է Երեւանի փողոցները տոտալ շրջափակելու ակցիային։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Ու դա պետք է լինի ցանցային»,- ասել է նա եւ հավելել, որ փակելու են նաեւ մետրոյի կայարանները։

Փաշինյանի խոսքով, ակցիան մեկնարկելու է առավոտյան ժամը 8:15-ին։ Նոր Նորքում, Նորք-Մարաշում, Էրեբունի, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Աջափնյակում, Կոմիտասում, Դավթաշենում։ Հավաքվածների բացականչություններից հետո նա նաեւ ավելացրեց Մերձավանը, Սարի թաղը, Փարաքարը։ «Ուզում եմ այս անգամ հատկապես կոչով բեռնատարների վարորդներին դիմել։ Վաղը հայտարարվում է բեռնատարների օր։ Ֆուռ կանգնի, գերան, կկոտրի»,- ասել է Փաշինյանը։ Նա նաեւ բոլորին կոչ է արել վաղը գործի չգնալ կամ միանալ իրենց։

Նա ինքը չի ասել, թե անձամբ, որտեղ է լինելու, միանալու է այն թաղին, որ ամենաակտիվը կփակի ճանապարհը։