Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցությունների եւ փոխզիջումների ճանապարհով։ «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի չլուծված հարցը թողնում են հաջորդ սերնդին, եւ գուցե սերնդափոխություն լինի, ուրիշ ձեւով նայեն այդ հարցին եւ գտնեն հարցի լուծումը:

«Առաջին հերթին, ես հակված չեմ այն կարծիքին, որ մենք հարցը թողնում ենք հաջորդ սերունդներին։ Փաստարկներից մեկը, որ ես այսօր վարչապետ եմ, Արցախի հարցի հետ է կապված։ Բանակցային պրոցեսը պետք է շարունակվի: Մենք մեր դիրքորոշումները չենք փոխելու Արցախի հարցում: Երբ Դուք ասում եք՝ ուրիշ, ես մտահոգվում եմ: Այսինքն՝ ի՞նչ: Հայաստանում կարող են գալ մարդիկ, ովքեր կհամաձայնե՞ն Արցախը հանձնել Ադրբեջանին: Ինձ համար դա անհասկանալի է: Եվ եթե խոսքը հաջորդ սերունդների մասին է, ապա ես կարող է գերեզմանում շուռ գամ՝ էդպիսի բան լսելով։ Այ, որ իրենք հրաժարվեն այդ պատրանքներից, թե փոխզիջում նշանակում է հայկական կողմերի եւ ադրբեջանական կողմի կողմից, այդ ժամանակ խնդիրը կարող է լուծվել»,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով, եթե մենք ունենայինք այլ ճանապարհ՝ առանց զիջումների ասելու՝ ամբողջը մերն է, եւ վերջ, միգուցե կարելի էր դրան գնալ։ «Դա խաղաղության ճանապարհը չէ: Խաղաղության ճանապարհը համաձայնության գալն է: Իսկ համաձայնության գալու համար անհրաժեշտ է երկու կողմի կարծիքը»,- նշել է նա եւ հավելել. Որ մեր ամենօրյա գործը պետք է լինի ամեն ժամ հայկական զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելը:

«Սա է ամենառեալ միջոցը կայունությունը պահպանելու: Իհարկե, մենք պետք է զարգացնենք հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, որովհետեւ նրանիցից էլ շատ բան է կախված, բայց ամենահիմնականը հայ զինվորն ու սպան են»,- նշել է նա: