Եթե մենք կարողանանք կաթվածահար անել տրանսպորտի աշխատանքը, դրանով ցույց կտանք, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ի առավոտյան ուղիղ եթերում հայտարարել է «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այսօրվա ցույցը պետք է համոզի Սերժ Սարգսյանին, որ պետք է հեռանա. «Ես համոզված եմ, որ ինչքան ջանասեր լինենք մեր գործողություններով, այնքան շուտ կլինի հաղթանակի գրանցումը: Մեր հիմնական ակցիան Հայաստանի բոլոր ճանապարհների ու մայրուղիների շրջափակումն է բեռնատարներով: Այնպես անել, որ ոստիկանները չկարողանան դրանք տեղաշարժել»,-ասաց Փաշինյանը:

Նա կոչ արեց բեռնատարների, տրակտորների վարորդներին փակել ճանապարհները, իսկ խնդիր առաջանալու դեպքում նա խնդրեց զանգահարել հետեւյալ համարով. 093 65 49 66:

«Ամենալայնամասշտաբ գործողությունների վայր կմեկնեմ ահազանգեր ստանալուն պես»,-ընդգծել է Փաշինյանը:

Նշենք, որ արդեն առավոտյան ոստիկանները Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին եւ մի քանի ակտիվիստների:

Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր՝ ապրիլի 20-ին, իրենք կրկին վերադառնալու են Երեւանի փողոցները տոտալ շրջափակելու ակցիային եւ դա պետք է լինի ցանցային՝ Երեւանի բոլոր թաղամասերում: Նա նշել է, որ փակելու են նաեւ մետրոյի կայարանները։ Փաշինյանը բոլորին կոչ է արել վաղը գործի չգնալ կամ միանալ իրենց։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:

Ոստիկանները բերման ենթարկեցին Դավիթ Սանասարյանին եւ մի քանի ակտիվիստների