Գյուլբենկյան փողոցի ոստիկանները բերման ենթարկեցին ակտիվիստ կնոջը:  Ակտիվիստները փորձում էին խոչընդոտել ոստիկաններին, սակայն ի վերջո, ոստիկանները կնոը նստեցրին «Տոյոտա Կորոլա» մակնիշի ոչ պետական համարանիշներով մի մեքենա եւ տարան:

Այդ ընթացքում Գյուլբենկյան փողոցում ոստիկանների թիվն ավելանում էր, նրանք փողոցը փակած քաղաքացիօներին զգուշացնում են, որ եթե ճանապարհը չբացեն, ապա բերման կենթարկեն: Ոստիկանության ներկայացուցիչները փորձում էին համոզել ակցիայի մասնակիցներին, որ բացեն փողոցը:

«Մենք ձեզ բերման կենթարկենք ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար»,-ասաց ոստիկանը, ով ներկայացավ որպես ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Բաղյան:

Բացի այդ, ոստիկաններն սկսեցին փողոցը փակած մեքենան օրորելով տեղաշարժել:

Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր՝ ապրիլի 20-ին, իրենք կրկին վերադառնալու են Երեւանի փողոցները տոտալ շրջափակելու ակցիային եւ դա պետք է լինի ցանցային՝ Երեւանի բոլոր թաղամասերում: Նա նշել է, որ փակելու են նաեւ մետրոյի կայարանները։ Փաշինյանը բոլորին կոչ է արել վաղը գործի չգնալ կամ միանալ իրենց։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:

Ոստիկանները բերման ենթարկեցին Դավիթ Սանասարյանին եւ մի քանի ակտիվիստների