Ապրիլի 20-ի առավոտյան Երեւանում անցկացվող բողոքի ակցիաների կազմակերպիչ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կոչերով առաջնորդվելով՝ մի խումբ ցուցարարներ փորձել են փակել Երեւան-Աբովյան ճանապարհը (ֆոտոռեպորտաժ):

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ են բերել երեխաների եւ նստեցրել ուղեմասում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Երեխաների անվտանգության տեսակետից անթույլատրելի ակցիան կանխվել է ժամանած ոստիկանների կողմից:

Երեխաների ծնողներն իրենց գործողությունները պատճառաբանելիս ասել են, որ երեխաներն առանց այն էլ զրկված են կարեւորագույն բաներից:

Ակցիային մասնակցել են Տավուշի մարզի բնակիչները: «Մենք սահմանից 3 կմ հեռավորությամբ ենք ապրում: Մենք ո՛չ աշխատանք ունենք, ո՛չ կյանքի արժանի պայմաններ»,- ասել են ակցիայի մասնակիցները:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ի երեկոյան ակցիայի նախաձեռնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բողոքի նոր ձեւ սկսելու մասին էր հայտնել՝ ապրիլի 20-ի առավոտից նրա կողմնակիցները պետք է փակեին մայրաքաղաքի առանձին շրջաններն իրար կապող գլխավոր փողոցները: Ծրագրվում է նաեւ շրջափակել մետրոյի կայարանները: