ՀՀ  հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ են ներգրավվել զանգվածային անկարգություններին եւ անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած եւ դրանց ժամանակ բռնություն գործադրած անձինք:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 2018թ.-ի ապրիլի 14-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցները, խախտելով Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող Հայաստանի հանրային ռադիո ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա հարձակվել ու հաղթահարել շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը:

Մասնավորապես, զանգվածային անկարգությունների մասնակից Տիգրան Մազմանյանն այդ ընթացքում բռնություն է գործադրել զինված պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի նկատմամբ` հաղթահարելով վերջինիս դիմադրությունը: Իսկ Էրիկ Խաչատրյանը եւ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցները վնասել են ընկերության գույքը՝ ոտքերի հարվածներով կոտրելով երրորդ հարկի միջանցքի դուռը, մտել եթերային ստուդիա, ապա ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում:

Տեւական ժամանակ գտնվելով «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի վարչական շենքում` Տ. Մազմանյանը, Է. Խաչատրյանն ու զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցները խախտել են հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, ընկերությանը պատճառել գույքային վնաս`  միաժամանակ վտանգելով հասարակական անվտանգությունը:

Քննությամբ պարզվել է նաեւ, որ ԱԺ պատգամավորների եւ մյուս անձանց կողմից կազմակերպված անօրինական հավաքների մասնակիցները 2018թ.-ի ապրիլի 16-ին` ժամը 16:00-ի սահմաններում, զանգվածային անկարգություններ են կատարել նաեւ Բաղրամյան պողոտայում` փորձելով ապօրինի ներխուժել ՀՀ ԱԺ վարչական շենք: Զանգվածային անկարգություններին մասնակցել է նաեւ անօրինական հավաքների ակտիվ մասնակից Գոռ Միրզոյանը, ով նախապես ձեռք է բերել եւ մյուսներին բաժանելու համար իր մոտ է պահել ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություններ գործադրելու համար նախատեսված մետաղյա ձողեր եւ փայտե մահակներ:

Գ. Միրզոյանը եւ զանգվածային անկարգությունների այլ մասնակիցներ հարձակվել են եւ փորձել ճեղքել տվյալ վայրում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների շղթան: Այդ ընթացքում նրանք քաշքշելու, հրելու, մահակներով հարվածելու, մետաղական արգելապատնեշներ եւ տարբեր իրեր նետելու միջոցով բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հետ միասին Գ. Միրզոյանը եւս բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ՝ մարմնական վնասվածքներ պատճառելու նպատակով նրանց ուղղությամբ նետելով տարբեր առարկաներ:

Հաջորդ օրը զանգվածային անկարգությունները շարունակելու եւ դրանց ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություններ գործադրելու նպատակով Գ. Միրզոյանը հավաքել ու պահել է 17 մետաղյա ձող ու 3 փայտե մահակներ: Սակայն նույն օրը ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայում Գ. Միրզոյանի մոտ հայտնաբերել են նշված մետաղյա ձողերն ու փայտե մահակները եւ վերջինիս բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու համար Տ. Մազմանյանին, Գ. Միրզոյանին եւ Է. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Տ. Մազմանյանի եւ Գ. Միրզոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:  Դատարանի կողմից միջնորդությունները բավարարվել են:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ քրեադատավարական այլ գործողություններ, ինչպես նաեւ ձեռնարկվում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած եւ հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

 Նախաքննությունը շարունակվում է: