Երեւանի Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 23 քաղաքացի, որոնց մեջ է Նիկոլ Փաշինյանի որդին, Դավիթ Սանասարյանը: Այս մասին հայտնել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարությանը, ով ժամանել է ոստիկանության բաժին:

Բերման ենթարկվածներից 11-ը, ըստ ոստիկանության տվյալների, բերման է ենթարկվել ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար:

«Մնացած 12 հոգին բերման են ենթարկվել քրեական գործի շրջանակներում եւ նրանց, ըստ էության, փաստաթղթավորելուց հետո պետք է հարցաքննեն: Փաստաբանները նշեցին, որ նրանց, ըստ էության, վկայի կարգավիճակ են տալու: Դուք գիտեք, որ կա հարուցված քրեական գործ եւ այդ գործով են բերման ենթարկել: Կային նաեւ աղջիկներ, պահման պայմանների հետ խնդիր չկա»,-նշել է Մարուքյանը՝ հավելելով, որ տեղեկություններ ունի, որ բազմաթիվ բերման ենթարկվածներ կան նաեւ ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Նշենք, որ այսօր առավոտից քաղաքի տարբեր հատվածներում լարված իրավիճակներ է առաջանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. ակտիվիստները քաղաքի տարբեր փողոցներում փորձում են փակել փողոցները, այդ թվում մեքենաներով: Ոստիկանները արագ ժամանելով տվյալ վայրեր փորձում են բացել փողոցները: Ոստիկանները, այդ թվում քաղաքացիական հագուստներով բերման են ենթարկում ցուցարարներին, ընդ որում, բերման են ենթարկում ոչ ոստիկանական մեքենաներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Տասնյակ մարդիկ բերման են ենթարկվում, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով: