Ցուցարարները շուրջ 30 րոպե է՝ փակել են Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարները կանգնել են փողոցի երթեւեկելի հատվածում եւ կաթվածահար արել երթեւեկությունը։ Ոստիկաններին չի հաջողվում նրանց դուրս բերել երթեւեկելի հատվածից։

Ցուցարարները վարորդներին եւ ոստիկաններին կոչ են անում միանալ ցույցին։ Նրանք վանկարկում են. «Քայլ արա, մերժիր Սերժին»։

Նշենք, որ այս համայնքում ցուցարարներն արդեն մի քանի ժամ է՝ փակ են պահում նաեւ Ազատության պողոտան: Այստեղից քաղաքացիներ կան բերման ենթարկված:

Երեւանում մռայլ եղանակ է, քաղաքի որոշ հատվածներում անձրեւ է գալիս:

Նշենք, որ այսօր առավոտից քաղաքի տարբեր հատվածներում լարված իրավիճակներ է առաջանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. ակտիվիստները քաղաքի տարբեր փողոցներում փորձում են փակել փողոցները, այդ թվում մեքենաներով: Ոստիկանները արագ ժամանելով տվյալ վայրեր, փորձում են բացել փողոցները: Ոստիկանները, այդ թվում քաղաքացիական հագուստներով բերման են ենթարկում ցուցարարներին, ընդ որում, բերման են ենթարկում ոչ ոստիկանական մեքենաներով:

Նշենք, որ առավոտից փակվել-բացվել են մասնավորապես, Գյուլբենկյան փողոցը, Կոմիտասի պողոտան, Մաշտոցի պողոտան, Դավիթաշենի կամուրջը, Եղվարդի մայրուղին, Գրիգոր Լուսավորիչ փողոցը, Ազատուիթյան պողոտան, Արշակունյաց պողոտան, Երեւան-Աբովյան ճանապարհը:

Ժամը 11-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասնում է 52-ի, նրանց մեջ է Նիկոլ Փաշինյանի որդին, որին ավելի ուշ ազատ են արձակել: