Ցուցարարները մոտ 40 րոպե առաջ փակել են Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մոտ գտնվող Սարյան-Թումանյան եւ Մոսկովյան-Թումանյան փողոցների խաչմերուկները։ Նրանք քաղաքային նստարաններ ու «Սանիթեք»-ի աղբամաններ էին բերել փողոցը փակելու համար:

Ոստիկանությունը բեռնատար է բերել արգելափակված փողոցների աղբամաններն ու նստարանները հեռացնելու համար, սակայն բեռնատարի բանալիներն անհետացել են, հավանաբար ուսանողներին է հաջողվել պահել դրանք: Այդուհանդերձ, ոստիկաններին հաջողվեց հեռացնել արգելապատնեշը եւ բացել ճանապարհը: Նրանք ճանապարհը փակած մեքենաների վարորդներին սպառնում էին մեքենանենրը դուրս բերել քարշակի օգնությամբ:

Ցուցարարների հիմնականում Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներ են եւ քաղաքի այլ հատվածներից նրանց միացած ակտիվիստներ։

Բացի այդ, Ազատության պողոտայում թիվ 1 երթուղին սպասարկող վարորդներից մեկին ոստիկանության ծառայողները կանգնեցրել են, իջեցրել ուղևորներին և սկսել քաղաքացիներին բաժին տեղափոխելու նպատակով բռնի տեղափոխել ավտոբուս:

 Ավտոբուսի վարորդը հրաժարվեց տեղափոխել բերման ենթարկվածներին: Ոստիկանները նրա ձեռքից վերցրին բանալիներն ու բերման ենթարկվածներին տեղափոխեցին քաղաքային տրանսպորտով:

Նշենք, որ Երեւանում մռայլ եղանակ է, քաղաքի որոշ հատվածներում անձրեւ է գալիս:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անցնում են ցանցային պայքարի եւ կաթվածահար պետք է անել երթեւեկությունը քաղաքի բոլոր փողոցներում:

Այսօր առավոտից քաղաքի տարբեր հատվածներում լարված իրավիճակներ է առաջանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. ակտիվիստները քաղաքի տարբեր փողոցներում փորձում են փակել փողոցները, այդ թվում մեքենաներով: Ոստիկանները արագ ժամանելով տվյալ վայրեր, փորձում են բացել փողոցները: Ոստիկանները, այդ թվում քաղաքացիական հագուստներով բերման են ենթարկում ցուցարարներին, ընդ որում, բերման են ենթարկում ոչ ոստիկանական մեքենաներով:

Նշենք, որ առավոտից փակվել-բացվել են մասնավորապես, Գյուլբենկյան փողոցը, Կոմիտասի պողոտան, Մաշտոցի պողոտան, Դավիթաշենի կամուրջը, Եղվարդի մայրուղին, Գրիգոր Լուսավորիչ փողոցը, Ազատուիթյան պողոտան, Արշակունյաց պողոտան, Երեւան-Աբովյան ճանապարհը, Վարդանանց փողոցը, կորյուն փողոցը, Պուշկին փողոցը եւ այլն:

Ժամը 13-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասնում է 107-ի: