ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը Երեւանում ընթացող բողոքի ցույցին ներգրավված բոլոր կողմերին կառուցողական երկխոսության կոչ է արել։

Ամորը ողջունել է մարդկանց քաղաքացիական ներգրավվածությունը, որոնք խաղաղ ցույցերի միջոցով օգտագործում են խոսքի ազատության իրենց իրավունքը: «Իշխանությունները պետք է հարգեն այս իրավունքը, եւ ես ի գիտություն եմ ընդունում ուժի անհամաչափ կիրառման վերաբերյալ հաղորդումները: Միեւնույն ժամանակ, հիշեցնում եմ, որ խաղաղ ցույցեր իրականացնելու իրավունքը թույլ չի տալիս ցուցարարներին ներխուժել շինություններ եւ խաթարել գործընթացները։ Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհրաժեշտ զսպվածություն ցուցաբերել, որ բոլոր հայերը կարողանան սեփական կարծիքն արտահայտել եւ կոչ ենք անում վերադառնալ կառուցողական երկխոսության: Այս համատեքստում մամուլի ազատությունն ունի առաջնահերթ նշանակություն եւ լրագրողները պետք է պաշտպանվեն բռնության ցանկացած դրսեւորումներից»,-նշված է հայտարարությունում։

Նշենք, որ Սանչես Ամորը 2017թ․ ապրիլի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հատուկ համակարգողի եւ կարճաժամկետ դիտորդական առաքելության առաջնորդի դեր է ստանձնել։