Սեւանա լճից ջրբացթողումների առավել արդյունավետ կառավարման նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեն դիսպեչերական կենտրոն է ստեղծել, որում առցանց ստացվելու, կուտակվելու եւ վերլուծվելուն են Սեւանա լճից ջրի բացթողնման, հաշվառման, ինչպես նաեւ՝ բաշխման հետ կապված բոլոր թվային տվյալները:

Սեւանա լճից ջրի բացթողումն իրականացվում է ՀՀ կառավարության երկու որոշումների հիման վրա. «Պայմաններ Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման, հաշվառման եւ Սեւան-հրազդան համակարգի հիդրոտեխնիկական կառույցներով բաշխման մասին»  որոշմամբ սահմանվում են ընդհանուր պայմանները, իսկ «Ոռոգման նպատակով Սեւանա լճից ջրառի մասին» ամենամյա որոշմամբ՝ ջրբացթողնման տարեկան ծավալները:

Սեւանա լճից բացթողնված ջուրը հոսում է Սեւան-Հրազդան դիրեւացիոն ջրանցքով, որից էլ սնվում են ոռոգման մայր ջրանցքները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՋՏՊԿ-ի համար Սեւանից կատարվող ջրբացթողնման միակ նպատակը ոռոգման կայուն ջրամատակարարում ապահովելն է,  որոշվել է օպերատիվ արձագանքման դիսպեչերական կենտրոն ստեղծել, որը  Սեւան-Հրազդան դիրեւացիոն ջրանցքի կառավարչի կողմից ստեղծված համանման կենտրոնի հետ համագործակցությամբ՝ կիրականացնի ջրբացթողնման ընթացքի համատեղ, առավել արդյունավետ կառավարումը:  Այս գործընթացի հիմնական նպատակը ջրբացթողնման ընթացքում ոռոգմանը գերակայություն տալն է, ինչպես ամրագրված է ՀՀ կառավարության որոշումների մեջ:

Կենտրոնի աշխատանքներում ներգրավված են  «Ջրառ» ՓԲԸ 4 մասնագետներ, առաջին անհրաժեշտության տեխնիկական միջոցներ, համակարգիչներ եւ արդի հաշվառման սարքավորումներ: Կենտրոնը հնարավորություն ունի առցանց ռեժիմով հետեւել  ջրանցքով կատարվող ջրբացթողնման, ջրանցքի գլխամաս հասնող ջրի ծավալներին, «Սեւան-Հրազդանյան» համակարգի յուրաքանչյուր ՀԷԿ-ով անցնող ջրաքանակին եւ այլն:

Սեւանից կատարվող ջրբացթողումները եւ, ընդհանրապես, ոռոգման համակարգն ամբողջությամբ հաշվառելի դարձնելու համար, ըստ ՋՏՊԿ մասնագետների հաշվարկների, անհրաժեշտ է 2100 ջրաչափական սարքավորում: