Ապօրինի հավաքների որոշ մասնակիցների կողմից մայրաքաղաքում շարունակվող հակաօրինական գործողությունները տարատեսակ եւ գնալով առավել վտանգավոր բնույթ կրող դրսեւորումներ են ստանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ահազանգեր են ստացվում, այդ թվում նաեւ զանգվածային լրատվության միջոցներից, Երեւանի տարբեր հատվածներում քաղաքացիների կողմից միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու, նրանց իրավաչափ գործողություններին խոչընդոտելու վերաբերյալ:

Այս դրսեւորումներն ակնհայտորեն վկայում են, որ ապօրինի հավաքների կազմակերպիչների կողմից քաղաքացիներին եւ երթեւեկության մասնակիցներին ուղղված՝ հակաիրավական գործողություններ կատարելու կոչերը հանգեցրել են ներհասարակական լարվածության խորացման, ապօրինի հավաքին մասնակցող քաղաքացիների կողմից ոստիկանների նկատմամբ անհանդուրժողկանության մթնոլորտի ստեղծման:

Նման իրավիճակը սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կյանքի եւ առողջության համար, վտանգում հասարակական անվտանգությունը:

Կրկին անգամ հիշեցնելով, որ վերոնշյալի անցանկալի բոլոր հետեւանքների պատասխանատվությունը կրում են անօրինական հավաքների կազմակերպիչները՝ նրանց կոչ ենք անում անսալ ՀՀ ոստիկանության հորդորներին եւ դադարեցնել հակաիրավական գործողությունները: