ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել եւ վարույթ է ընդունվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործի տվյալների համաձայն՝ 2018թ. ապրիլի 18-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 34 հասցեի մոտակայքում բռնություն է գործադրվել ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների նկատմամբ։

Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով եւ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ պարզելու դեպքի հանգամանքները։ Տուժողների ցուցմունքների համաձայն՝ դեպքի օրը, կատարելով իրենց ծառայողական պարտականությունները, փորձել են բերման ենթարկել հակաիրավան վարքագիծ թույլ տված անձին, ինչի ժամանակ մի քանի հոգի հարձակվել եւ բռնություն են գործադրել իրենց նկատմամբ՝ ոտքերով եւ ձեռքերով հարվածներ հասցնելով իրենց մարմնի տարբեր մասերին։

Կատարված քննությամբ պարզվել է բռնությանն անմիջական մասնակցություն ունեցած անձանցից 2-ի ինքնությունը, ովքեր ձերբակալվել են։Քրեական գործի նախաքննության հետագա կատարումը հանձնարարվել է Երեւանի քննչական վարչությանը։

Նախաքննությունը շարունակվում է։