Մոսկվայի քաղաքային դատարանը ՌԴ Քննչական կոմիտեի միջգերատեսչական փոխգործակցության եւ անձնական անվտանգության վարչության նախկին գնդապետ Միխայիլ Մաքսիմենկոյին դատապարտել է 13 տարվա խիստ ռեժիմի՝ քրեական աշխարհի ներկայացուցիչներից 165 միլիոն ռուբլու կաշառք ստանալու գործով: Որոշումը կայացրել է դատավոր Օլեգ Մուզիչենկոն, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

Մաքսիմենկոն զրկվել է նաեւ արդարադատության գնդապետի կոչումից: Նրան արգելվել է ազատազրկումից հետո երեք տարի պաշտոններ զբաղեցնել պետական իշխանության մարմիններում:

Մաքսիմենկոն ՌԴ Քննչական կոմիտեի այլ բարձրաստիճան սպաների հետ միասին ձերբակալվել էր 2016 թվականի հուլիսին: Քննչական կոմիտեում իրականացված ձերբակալությունները, որոնք կապված էին քրեական հեղինակություն Զախարի Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) հետ, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ամենաաղմկահարույց օպերացիաներից մեկն էր: