Թուրքիան համառորեն հրաժարվում է ընդունել իր արյունոտ անցյալը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Կիպրոսի խորհրդարանում հայտարարել է հայ համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մաղդեսյանը:

Մաղդեսյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսին, որը դարձել է առաջին եվրոպական երկրիը՝ 1975 թվականին ընդունելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խորհրդարանական բանաձեւ, հաղորդում է «Cyprus Mail»-ը:

«Իսկապես անհավատալի է, որ քաղաքակիրթ պետությունները, որոնք, ենթադրվում է, որ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպաններ են, շարունակում են զիջել Թուրքիայի ճնշմանը` իր աշխարհաքաղաքական դիրքի եւ գնողունակության պատճառով, ինչը խանգարում է նրանց ճանաչել Հայոց ցեղասպանությունը», - ասել է Մաղդեսյանը:

Նա նշել է, որ ցեղասպանությունը ողբերգություն է, որը ցնցել է այն ժամանակվա քաղաքակիրթ աշխարհը եւ թողել խորը վերքեր: Խոսելով այն մասին, թե ինչու է Թուրքիան այդքան համառորեն հրաժարվում  ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Գերմանիան ճանաչեց հրեաների Հոլոքոսթը, պատգամավորը նշել է, որ հիմնական պատճառները նման քայլի իրավական հետեւանքներն են եւ դրա ազդեցությունը թուրքական հասարակության վրա:

 «Թուրքիան չի ցանկանում ոչ մի ցենտ վճարել Ցեղասպանությունը  վերապրածներին եւ նրանց սերունդներին, քանի որ անհրաժեշտ կլինի վճարել ոչ միայն հայերին, այլեւ հույներին, ասորիներին եւ, հնարավոր է, քրդերին եւ կիպրոսցիներին», - եզրափակել է նա: