ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ՝

Լրագրող  Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ըստ քրեական գործի տվյալների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը ապրիլի 19-ին ժամը 08:30-ի սահմաններում որպես լրագրող իր աշխատանքն է կատարել Երեւանի Արամի փողոցում տեղակայված ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց։ Լուսանկարներ կատարելիս քաղաքացիական հագուստով երկու անձ հարձակվել են լրագրողի վրա եւ բռնություն գործադրել։ Լրագրողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ ստացել անհրաժեշտ բուժօգնություն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությանը։

Լրագրող Տ.Մուրադյանն այսօր ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել։ Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։