Անհաջողակ ճանապարհորդն այցելելով Գառնիի հնագույն տաճար՝ հայտնվել է ժամանակային հանգույցի մեջ եւ նրան ազատելու համար համարձակների թիմը պետք է տաճարի տարածքում գտնի նրա օրագրի էջերը, իսկ դրանցում հուշումներ են, որոնք միահյուսված են տաճարի եւ այն կառուցող մարդկանց պատմության հետ:

Այսպես սկսվում է հետաքրքրաշարժ քվեստ տուրը, որը երիտասարդ մարդկանց խմբի կողմից անցկացվելու է մ. թ. 1-ին դարում կառուցված տաճարի տարածքում:

Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ճանապարհորդելով՝ Quest Tour  ընկերության հիմնադիրներից Մարիամ Ռուստամյանը եւ իր ընկերները հասկացան, որ տեսարժան վայրերի մասին տեղական զբոսավարի պատմածով միշտ չէ, որ հետաքրքիր է տեղեկանալ: Շատ ավելի հետաքրքիր է հնագույն տաճարի պատմությունն ու գաղտնիքներն իմանալ խաղի միջոցով:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մարիամը պատմել է, որ եթե Գառնիի տաճարի մասին պատմում է զբոսավարը, շատերը չեն հիշում ներկայացրածի անգամ կեսը: Իսկ եթե զբոսաշրջիկները ստիպված են լինում վազել տաճարի տարածքով խորհրդավոր ճանապարհորդի օրագրի էջերը գտնելու համար, եթե նրանք ուսումնասիրում են այդ էջերը՝ փորձելով հասկանալ ինչպես ազատել խեղճ ճանապարհորդին եւ փակել ժամանակային հանգույցը, նրանք խորանում են նաեւ տաճարի պատմության եւ նրա ճարտարապետական առանձնահատկությունների մեջ եւ իհարկե նրանք հիշում են երբ, ինչպես եւ ինչ նպատակով են այն կառուցել:

Մարիամը եւ նրա ընկերները քվեստ տուրեր են անցկացնում, որոնք օգնում են ինչպես տեղացի այցելուներին, այնպես էլ այլ երկրներից զբոսաշրջիկներին ավելի լավ իմանալ Հայաստանի տեսարժան վայրերը:

Այսպես, առաջին հայտնի քվեստներից մեկն անցկացվում է Տիգրան Մեծի այգում, որտեղ կան քչերին հայտնի վիշապաքարերը եւ ժայռաատկերները. մասնակիցները պետք է տրամաբանական խնդիրներ լուծեն, հետաքրքիր առաջադրանքներ կատարեն, իրենց համար բացահայտեն սեփական պատմության մինչ այդ անհայտ էջերը:

Մյուս քվեստներն անցկացվում են Աբովյան փողոցի 5-րդ դարում կառուցված  Կաթողիկե եկեղեցում, որտեղ դեռ պահպանվել են որոշ հնագույն կառույցներ, նաեւ Երեւանի բերդում:

Մարիամի խոսքով՝ քվեստ տուրերը գրավում են ինչպես տեղացիներին այնպես էլ զբոսաշրջիկներին, թեեւ հազվադեպ է լինում, որ նույն խմբում լինեն եւ տեղացիները եւ հյուրերը: Կազմակերպիչները հույս ունեն, որ առաջիկայում խառը խմբերը կլինեն ավելի շատ:

«Իսկ ինչ վերաբերում է տարիքային խմբերին, գալիս են 12-13-ից մինչեւ 60 եւ անգամ ավելի բարձր տարիքի մարդիկ: Հետաքրքիր է, որ նրանք քվեստների շրջանակում նույն հետաքրքրությամբ եւ խաղում, եւ կատարում են խնդիրները», - ասել է Մարիամը:

Quest Tour–ը մասնակցում է «In Tour Expo» ցուցահանդեսին,մ որն ընթանում է Yerevan expo ցուցահանդեսային համալիրում ապրիլի 20-22-ին։

Այցելելով ցուցահանդես, կարելի կլինի տեղեկանալ, թե որքանո՞վ է զբոսաշրջային Հայաստանը հասանելի եւ մրցունակ միջազգային զբոսաշրջային շուկայում, ի՞նչ նոր ու հետաքրքիր առաջարկներ ակնկալել 2018 թվականին ճանապարհորդելու համար, ի՞նչ մարզաձեւով մարզվել, ի՞նչ մարզահագուստ կրել: «InTour Expo» ցուցահանդեսին մասնակցում են ոլորտի շուրջ 90 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Հունաստանից, Չեխիայից, Իրանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից: Արդեն 5-րդ անգամ անցկացվող «In Tour Expo»-ին զուգահեռ այս տարի առաջին անգամ տեղի է ունենում նաեւ սպորտի ոլորտին նվիրված «SportWay» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսների ինֆորմացիոն հովանավորը NEWS.am-ն է: