Լիտվան ցանկանում է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում ավելի շատ Patriot հրթիռային համակարգեր տեղադրի: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Լիտվայի պաշտպանության նախարար Ռայմունդաս Կարոբլիսը:

Նրա խոսքով՝ Լիտվան ԱՄՆ-ից խնդրել է կանոնավոր կերպով ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակներում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրել` համարելով, որ դաշինքը հակամարտությունների դեպքում պետք է լավ ճանաչի տարածաշրջանը: Նա նշել է, որ խոսքը ոչ միայն Patriot համակարգերի, այլեւ Avenger զենիթահրթիռային համալիրների, եւ այլ համակարգերի մասին է տարածաշրջանային օդային պաշտպանության ճարտարապետության ստեղծման համար, «քանի որ մենք ինքներս չենք կարող դա անել»:

Միեւնույն ժամանակ Կարոբլիսը չի ակնկալում, որ ՆԱՏՕ-ն անմիջապես կսկսի Բալթյան երկրներում պաշտպանությունն ավելացնել, սակայն հուսով է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հուլիսին ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթաժողովում Բալթյան երկրներում սպառնալիքների կանխարգելմանն իր պատրաստակամությունը կհայտնի:

 «Մենք կուզենայինք ցամաքային հրթիռային համակարգերի մշտական տեղակայում եւ այլ հնարավորություններ ունենալ, սակայն մենք հասկանում ենք, որ սառը պատերազմից հետո այդ հնարավորությունների զգալի մասը ՆԱՏՕ-ն կորցրել է եւ այն դժվար է արագ վերականգնել», - ասել է նա: