Ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները եւ երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, որպեսզի ապահովվի երկրի կայունությունը: «Արմենիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ որպես հայ մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես եւ բոլորը, ինքն էլ շատ անհանգիստ է:

«Անհանգիստ եմ՝ թոռնիկս մանկապարտեզ հասավ, թե՝ չէ, հայրս հիվանդանոց հասավ, թե՝ չէ: Ես վստահ եմ, որ այսօր փողոցներում կան շատ կարող, հայրենասեր եւ համարձակ երիտասարդներ, որոնց էներգիան եւ կամքը կարելի է եւ պետք է օգտագործել այլ տեղերում: Եվ մենք պատրաստ ենք ու պարտավոր ենք օգտագործել այդ ներուժը»,- հավելել է Կարապետյանը:

Նա կարծում է, որ հարկավոր է ձեւավորել ռեգուլյար գործող հարթակ, որտեղ լինեն քաղաքական բանավեճեր, քննարկվեն կնճռոտ հարցեր, որտեղ կարելի է խոսել ու բանակցել անընդհատ, այլ «ոչ թե ընտրությունից ընտրություն կուտակած պրոբլեմները եւ նեղվածությունն արտահայտել»:

«Ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները եւ երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, որպեսզի ապահովվի երկրի կայունությունը: Նույնիսկ պատերազմող երկրները բանակցում են եւ տրամաբանական լուծման են գալիս: Մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել եւ տրամաբանական լուծումներ գտնել՝ այս իրավիճակից դուրս գալու համար: Ապակայանության դեպքում տուժելու ենք բոլորս, տուժելու է մեր երկիրը»,- նշել է առաջին փոխվարչապետը:

Ինքը նույնպես պատրաստ է հանդես գալ նախաձեռնությամբ կամ էլ միանալ որեւէ հարթակի, որը կստեղծվի:

Հարցին, արդյո՞ք սա կարելի է համարել որպես առաջարկ այն մարդկանց, ովքեր հրապարակում են, Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Այո՛, ես այդպես էլ ձեւակերպել եմ, ես առաջարկում եմ դա»: