Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին Հայաստանի Հանրապետությունում։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով իշխանության՝ երկխոսություն սկսելու կոչերին՝ Փաշինյանն ասել է. «Մենք երկխոսում ենք իշխանության հետ, որովհետեւ իշխանությունը ժողովուրդն իր ձեռքն է վերցրել։ Մենք այստեղ երկխոսում ենք ամենահզոր եւ հավերժական իշխանության հետ»։

Ըստ Փաշինյանի, այսօրվա ակցիաները կրել են զանգվածային բնույթ եւ օրվա ընթացքում տարբեր ժամանակահատվածներով փակ են եղել 15-րդ թաղամասի փողոցները, Դավթաշենի կամուրջը, Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը, Կոմիտաս-Տիգրանյան խաչմերուկը, Սունդուկյան-Գյուլբենկյան խաչմերուկը, Հալաբյան փողոցը, Կիեւյան փողոցը, Ազատության պողոտան, Արշակունյաց եւ Իսակովի պողոտաները, մետրոյի Զորավար Անդրանիկ կայարանը,Ս արյան փոսղոցը, Աշտարակի խճուղին, Խանջյան, Իսահակյան փողոցները, Սախարովի հրապարակը, եւ այլ փողոցներ ու խաչմերուկներ։

Ակցիաներ են եղել Չարենցավանում, Նոր Հաճնում, Գավառում, Հրազդանում, Էջմիածնում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Նոյեմբերյանում, իսկ Արշալույս գյուղում պրոցեսը սկսել է դպրոցականների դասադուլից։ Իսկ Թատերական ինստիտուտը հարյուր տոկոսով դասադուլ է  հայտարարել։

Փաշինյանի խոսքով, այսօր ռեկորդ են սահմանել եւ Հանրապետության հրապարակում հանրահավաքն ամենաբազմամարդն է։ «Էսօր էս ինչ բոմբեցիք»,- ասել է Փաշինյանը եւ ասել, թե մեկ այլ ռեկորդ էլ քայլելու ռեկորդն է՝ 37 հազար քայլ կամ 25 կիլոմետր։

Նշենք, որ հանրահավաքի ընթացքում մի քանի անգամ վատացել է ցուցարարներից մի քանիսի ինքնազգացողությունը։ Տեղում այդ անձանց բուժօգնություն ցուցաբերել են ցուցարարները։