Քվեների գնման եւ պետական աշխատողների եւ մասնավոր ընկերությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հանդեպ հանրային վստահությունը խախտել են: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ ԵԱՀԿ-ն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, «հիմնականում պահպանվել են հիմնարար ազատությունները, սակայն ընտրությունները մռայլեցրել են քվեների գնման եւ պետական աշխատողների եւ մասնավոր ընկերությունների աշխատողների նկատմամբ ճնշումների մասին հավաստի տեղեկությունները: Սա նպաստել է ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության բացակայությանը»:

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա կարեւորագույն խնդիրներից են խոշտանգումները. բանտերում ծանր եւ կյանքին սպառնացող պայմանները, կամայական ձերբակալությունները եւ կալանավորումները, դատական համակարգի անկախության բացակայությունը, արդար դատաքննության ապահովման անկարողությունը, լրագրողների դեմ բռնությունները, միջամտությունը լրատվամիջոցների աշխատանքին, քննադատներին պատժելու համար պետական իրավական լիազորությունների օգտագործումը, անվտանգության ուժերի կողմից հավաքների ազատությանը ֆիզիկական միջամտությունը, քաղաքական կյանքին մասնակցելու սահմանափակումները, համակարգային կոռուպցիան կառավարությունում, լեսբուհիներին, գեյերին, բիսեքսուալներին, տրանսգենդերներին եւ ինտերեսեքսուալներին բռնությունից պաշտպանելու անկարողությունը, երեխաների աշխատանքի ամենավատ ձեւերը, որոնց վերացման համար կառավարությունը նվազագույն ջանքեր է գործադրել:

Բացի դրանից, նշվում է, որ 2008 թվականի մարտին հետընտրական բողոքի ակցիաների ընթացքում 10 մարդու մահվան մեղավորները եւ 2015 եւ 2016 թվականի հուլիսին բողոքի ցույցերին լրագրողների եւ քաղաքացիների ծեծի համար պատասխանատու պաշտոնյաները դեռեւս պատասխանատվության չեն ենթարկվել: