Ապրիլի 20-ին տեղի ունեցած հանրահավաքից ու երթից հետո մի շարք անձանց բերման են ենթարկել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը: Նա նաեւ փաստաբաններին կոչ է արել արձագանքել՝ նրանց գործերով զբաղվելու համար:

Նշենք, որ բերման ենթարկվածների ստույգ թիվն առայժմ հայտնի չէ:

Միաժամանակ, իրավապաշտպաններն ահազանգում են, որ մայրաքաղաքի որոշ վայրերում հարձակումներ են եղել ազդանշան տվող ավտոմեքենաների վարորդների նկատմամբ: Մասնավորապես, նման դեպքեր են արձանագրվել Երեւանի Ավան վարչական շրջանում: Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք հարվածել են մեքենաներին, մի քանի մեքենա կոտրել:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ապրիլի 21-ին շարունակելու են ակցիան. փակելու են Երեւանի փողոցներն ու պողոտաները: Բոլոր գործողությունները սկսելու ժամը 11:00-ից: Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ակցիան սկսելու է Նոր Նորքի 7-րդ զանգվածից՝ «Նոր Տուն» խանութի դիմացից: