Վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարություն է տարածել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։

«Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երեւանում տեղի են ունեցել մի շարք ցույցեր եւ երթեր: Խաղաղ ցույցեր եւ երթեր անցկացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանությունները հարգել են այդ իրավունքը եւ շարունակելու են մշտապես հարգել:

Ցավալիորեն, հանրային այդ հավաքները հաճախակիորեն հատել են օրենքով թույլատրվածի սահմանները եւ ստացել են անհարկի եւ անարխիկ դրսեւորումներ, որոնց մասին մանրամասն խոսվում է Ոստիկանության բազմաթիվ հայտարարությունների մեջ: Տեղի ունեցող զարգացումները հղի են անկանխատեսելի հետեւանքներով, վտանգում են հանրային կարգուկանոնը եւ վնասում Հայաստանի հասարակության բարդ եւ նուրբ ներդաշնակությունը:

Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում եւ հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության եւ հանդուրժողականության վրա:

Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ:

Վստահ եմ, որ իրավիճակին համարժեք նման երկխոսություն ձեւավորելուն կարող են նպաստել երկրի բոլոր քաղաքական ուժերը»,- ասել է վարչապետը: