Իշխանության հետ քննարկման թեման կարող է լինել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Այդ մասին «Իմ քայլը» երթի ընթացքում լրագրողներին ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով վարչապետ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ անհապաղ քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանին նստելու վերաբերյալ։

«Դրանից հետո կքննարկենք պայմանները։ Ընդ որում, այդ պայմանները պիտի ընդունելի լինի ոչ թե ինձ համար, այլ ժողովրդի համար»,- ասել է Փաշինյանը եւ նկատել, որ Սերժ Սարգսյանը իրականում չի տիրապետում իրավիճակին. «Կարծում եմ՝ նա այնքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում։ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին եղբայրաբար կոչ եմ անում զեկուցել Սերժ Սարգսյանին եւ բացատրել, որ նրա համառությունը սպառնում է Հայաստանին»։

Ըստ Փաշինյանի, սա վերջնագիր չէ, իրականության արձանագրում է։ «Եթե ինձ տանեն, ձերբակալեն, կալանավորեն կամ բերման ենթարկեն, ես Հայաստանի քաղաքացիներին կոչ եմ անում դուրս գան ու փակեն բոլոր ճանապարհները, շրջափակեն ոստիկանական բոլոր բաժինները, պետական կառավարման բոլոր շենքերը»,- նշել է նա՝ նշելով, որ իր ձերբակալությունը չի կարող կանգնեցնել գործընթացը։

Նշենք, որ վարչապետ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել անհապաղ քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ նստել, իսկ ոստիկանությունը սպառնացել է դադարեցնել հավաքը։

Սերժ Սարգսյանը Փաշինյանին կոչ է անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ