Հնդկաստանի կառավարությունը շաբաթ օրը մինչեւ 12 տարեկան աղջիկների խմբակային բռնաբարության համար մահապատիժ սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել, հայտնում է Economic Times թերթը։

Այս հրամանագիրը երեխաներին սեռական բռնությունից պաշտպանելու մասին օրենքի լրացում է։ Մինչեւ 12 տարեկան աղջիկների բռնաբարությունն այժմ երկրում  կպատժվի առնվազն 20 տարվա կամ ցմահ ազատազրկմամբ։ Մինչեւ 12 տարեկան աղջիկների խմբակային բռնաբարությունը կպատժվի ցմահ ազատազրկմամբ կամ մահապատժով։

Լրացումը նախատեսում է նաեւ կանանց եւ դեռահասների բռնաբարության պատժի նվազագույն ժամկետի ավելացում։ Այսպես, այժմ կանանց բռնաբարությունը կպատժվի 10 տարվա ազատազրկմամբ նախկին 7 տարվա փոխարեն եւ մինչեւ 16 տարեկան աղջիկների  բռնաբարությունը՝ 20 տարուց մինչև ցմահ ազատազրկմամաբ՝ նախկին 10 տարվա փոխարեն։

Այս որոշումն ընդունվել է Հնդկաստանի Կաթհուա քաղաքում   8 տարեկան աղջկա առեւանգման եւ բռնաբարության դեպքից հետո։