2016 թվականից մինչ այսօր գրանցված Հայաստանի արտահանման ցուցանիշները վկայում են, որ, մի կողմից՝ արտաքին շուկաներում հայկական ապրանքների համար ձեւավորվել է մուտքի առավել բարենպաստ միջավայր, մյուս կողմից՝ հայրենական արտադրողները զգալի ավելացրել են իրենց արտադրական հզորությունները, վերազինվելով ժամանակակից տեխնիկայով եւ օգտագործելով նոր  տեխնոլոգիաներ, նրանք զգալիորեն բարելավել են իրենց արտադրանքի որակական հատկանիշները։ News.am-ի հետ զրույցում այս նշեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: 

Նա վստահեցրել է, որ արդեն իսկ ձեւավորվել է մի իրավիճակ, երբ նման դրական զարգացումները այլեւս կայուն են ու հիմնավոր, եւ առաջիկա տարիներին մենք շարունակելու ենք արձանագրել արտահանման աճի հուսադրող ցուցանիշներ։

Հարցին, թե ինչպիսի ազդակներ կան գործարար համայնքից Կառավարարության գործունեության նկատմամբ, նախարարը պատասխանեց. «Սա, իհարկե, պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության արդյունք է, եւ կարելի է փաստել, որ այս փուլում ձեւավորվել է երկկողմ վստահության միջավայր»։

«Համատեղ քննարկումների արդյունքում լուծվել են մեր գործարարների կողմից բարձրացված մի շարք իրապես կարեւոր խնդիրներ․ զգալիորեն բարելավվել է հարկային վարչարարության մակարդակը, շրջանառու միջոցների ավելացման նպատակով նվազեցվել են ԱԱՀ վերադարձման ժամկետները, պարզեցվել են դրանց են ընթացակարգերը, սահմանի վրա բացառվել է սարքավորումների ներմուծման ԱԱՀ գանձումը։ Պարզեցվել է նաեւ ծագման երկրի հավաստագրի տրամադրման գործընթացը, իսկ որոշ արտոնյալ շուկաների՝ մասնավորապես ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի համար, վերացվել է դրա առկայության պահանջը։ Զգալիորեն բարելավվել եւ պարզեցվել է երկակի նշանակության ապրանքների ներմուծման եւ արտահանման գործընթացը»-, հավելեց նախարարը:

Ի պատասխան հարցին, թե հայտարարված արտահանման խթանման եւ արտահանելի տնտեսության ձեւավորման ուղղությամբ ինչ զարգացումներ կան, նախարարը նշեց․ «Լոգիստիկ ընկերությունների զարգացման, տեխնիկական վերազինման եւ խոշոր առեւտրային ցանցեր մուտքի հնարավորությունների ձեւավորման արդյունքում մեր փոքր եւ միջին արտահանողների համար  ձեւավորվել են արտահանման առավել բարենպաստ պայմաններ։

Կարող ենք արձանագրել նաեւ, որ դիվերսիֆիկացվել են ինչպես արտահանման շուկաները, այնպես էլ արտահանվող ապրանքների կառուցվածքը։ Արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացման տեսանկյունից ոգեւորիչ են դեռեւս փոքր կշիռ ունեցող մի քանի ապրանքային խմբերի արտահանման բարձր աճի տեմպերը։ Ձկան, ոչխարի մսի, խոշոր եղջերավոր անասունների, դեղամիջոցի, գինու, շոկոլադի եւ ծաղիկների արտահանումը 2017 թվականին կազմել է 91.5 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով նախորդ տարվա նկատմամբ 42.1 մլն ԱՄՆ դոլարով կամ 85.2 տոկոսով։ Այս դրական միտման կայուն պահպանման պարագայում վերը նշված ապրանքները կհամալրեն ընդհանուր արտահանման աճը պայմանավորող հիմնական եւ որոշիչ ապրանքների ցանկը։

Պետք է նշել, որ վերջին երկու տարիների ընթացքում շուրջ 800 մլն ԱՄՆ դոլարի ապրանքների արտահանման աճն արդյունք է ինչպես ապրանքների ֆիզիկական ծավալի աճի, այնպես էլ այդ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների թվի զգալի ավելացման։  Վերջինս ենթադրում է ՀՀ կառավարության կողմից արտահանման եւ շուկաներ մուտքի գործընթացներում առաջ եկած խոչնդոտների վերացմանն ուղղված առավել ընդլայնված եւ թիրախավորված աշխատանքի իրականացում։ Մենք մշտապես պատրաստ ենք նման իրավիճակներում արագ արձագանքել եւ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել մեր արտահանողներին՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով խնդիրների լուծման ոչ ստանդարտ լուծումներ»,- ասել է Կարայանը։