Մահացել է հայկական ծագումով ամերիկացի գիտնական Ներսես «Krik» Կրիկորյանը, որը լեգենդ էր դարձել երբեմնի գաղտնի Նյու Մեքսիկո քաղաքում, որտեղ ստեղծվել է ատոմային ռումբը: Նա 97 տարեիկան էր:

Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայի աշխատակիցները հաստատեցին, որ Կրիկորյանը մահացել է չորեքշաբթի Լոս Ալամոսում գտնվող իր տանը, գրում է Chicago Sun Times- ը:

Լոս Ալամոսի ազգային լաբորատորիան հիմնադրվել է 1943-ին Մանհեթենի նախագծի վրա (ԱՄՆ-ի միջուկային զենքի մշակման ծրագրի ծածկագրված անվանումը) աշխատելու համար:

Լաբորատորիայի տնօրեն Թերի Ուոլեսը Կրիկորյանին բնութադրել է որպես աշխարհում եւ Լոս Ալամոսում ազգային անվտանգության մասին գիտության «հսկա»:

«Նա լուրջ ներդրում է կատարել լաբորատորիայի առաքելության մեջ, եւ ես վստահ կարող եմ ասել, որ նրա շնորհիվ այս տեղը դարձել է լավագույնը», - ասել է Ուոլեսը: «Կրիկի նման շատ քչերն են ազդում մեր պատմության վրա: Նա կայուն ժառանգություն է թողել, որը մեծ ապագա ունի»:

Կրիկորյանը ծնվել է 1921-ին Թուրքիայում՝ ճամեզրին: Նրա ծնողները փրկվել են Հայոց ցեղասպանությունից եւ երկրից երկիր են տեղափոխվել առանց ունեցվածքի եւ գոյության միջոցների: Ի վերջո ընտանիքը հանգրվանել է Կանադայում, հետո տեղափոխվել ԱՄՆ, երբ Ներսեսը 4 տարեկան էր:

Կրիկորյանը քիմիայի գծով բակալավրի աստիճան է ստանում եև սկսում է աշխատել  հարստացված ուրանի ստեղծման լաբորատորիայում: 1943-ին տեղյակ չլինելով նպատակներրի մասին՝ ներգրավվում է Մանհեթենի նախագծի աշխատանքում:

Երբ ԱՄՆ-ն ատոմային ռումբ նետեց Հիրոսիմայի վրա, Կրիկորյանը գիտեր, որ դա այն էր, ինչի վրա նա աշխատում էր:

 «Ես այդ ժամանակ մտածեցի. պատերազմը կավարտվի եւ հուսով եմ, որ մենք այլեւս երբեք ստիպված չենո լինի այն կիրառել»,- ասում էր գիտնականը:

Հենց Լաս Ալմոսում նա հանդիպեց իր կնոջը՝ Քեթրին Պաթերոսին, որը նույնպես սկսեց աշխատել Մանհեթենի նախագծի վրա:

70-ականներին Կրիկորյանը սկսեց աշխատել ԱՄՆ-ի հետախուզությունում: Ինչպես նշում է քիմիկոսը, դա ճակատագրի հեգնանք էր. նա ԱՄՆ էր ժամանել փաստաթղթով, որտեղ նշված էր «առանց քաղաքացիության», իսկ հետո հետախուզությունում աշխատելով պատասխանատու դարձավ անվտանգության համար:

Նրա խոսքով՝ մանկության տարիներին ծնողները նրան ստիպում էին հայերեն սովորել, հասկանալ իր ժողովրդի մշակույթը եւ գրականությունը:

1991 թվականին Կրիկորյանը թոշակի անցավ՝ ունենալով մեծ նվաճումներ, այդ թվում Լոս Ալամոսի մեդալը, գիտությունների դոկտորի երկու պատվավոր կոչումները:

 «Ես մտածում եմ իմ ծնողների մասին եւ զարմանում. ինչպե՞ս նրանք արեցին դա: Ծնվել Թուրքիայի ճամփեզրին եւ հասնել այս ամենին: Իմ ծողներն ինձ կարեւոր բան են սովորեցրել՝ ճիշտ արարքներ անել եւ դրանցով կիսվել մյուսների հետ: հուսով եմ, որ ես դա արել եմ»,- ասում էր Ներսես Կրիկորյանը: