Մեր հասարակությունը հիմա փակուղում է գտնվում, եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ուժ չկիրառվի, բռնություններ չլինեն: 1in.am-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, սակայն, կարծում է, որ երկու կողմերն էլ անզիջում են, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է քաղաքացիական ընդհարումների: «Խորհրդարանում ես Սերժ Սարգսյանին ասել եմ. չեմ ուզում՝ մենք նորից լսումներ ունենանք զոհված մարդկանց մասին: Դա մեծ վճար է, մեծ, թանկ գին է: Ոչ մի քաղաքացու մենք չպետք է վտանգի տակ դնենք, եւ թիվ մեկ պատասխանատուն, այո՛, ասել եմ, որ Սերժ Սարգսյանն է»,- հավելել է Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե իշխանությունները հիմա գնում են մարտի 1-ի ճանապարհով, եւ բոլորին սիրո, հանդուրժողականության կոչ արել: «Ես ամեն մի մարդու համար եմ անհանգստացած, որովհետեւ տեսնում եմ, որ իշխանությունը գնում է մարտի 1-ի ճանապարհով: Ասում են՝ իշխանությունը ուժ չի կիրառի: Բա որ կիրառեց... Հիմա պետք է տեքստերը բերել քաղաքական հուն: Երրորդ ուղի կա։ Կա երրորդ ճանապարհ: Դա Լուսավոր Հայաստանն է, եւ դա լինելու է: Այդ ճանապարհին մենք հավատացել ենք։ Ես, Արամ Սարգսյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը հավատացել ենք էդ ճանապարհին, եւ էդ ճանապարհը հիմա ավելի քան արդիական է, քան էն պահին, երբ մենք պարոն Փաշինյանի հետ քննարկել ենք, խոսել ենք եւ ասել՝ լավ, դու քո հավատացած բանը արա, մենք՝ մեր հավատացած բանը անենք։ Ես կարծում եմ, որ սա է պետք կանխել»,- ասել է Նիկոլ Փաշինյանի գործընկերը:

Էդմոն Մարուքյանը, կարծես, դժգոհ է ցուցարարների գործողություններից. ասում է՝ այսօր չի կարողացել նույնիսկ ոստիկանության բաժին հասնել՝ բերման ենթարկվածներին օգնելու, քանի որ երիտասարդները փակել էին ճանապարհը. «Հարցրել եմ՝ սիրելի երիտասարդներ, ինձ ճանաչո՞ւմ եք, ասում են՝ այո՛, պարոն Մարուքյան: Ասում եմ՝ թողեք, գնում ենք բաժիններ, մարդկանց իրավունքներին հասնենք, չթողնենք բռնություն տեղի ունենա, չթողնենք վիճակն ավելի սրվի: Ասում են՝ «սիգնալ տվեք, գոնե մի հատ սիգնալ»: Այսինքն՝ մենք հասարակությունը բաժանել ենք երկու մասի. սիգնալ տվողներն ասում են՝ ով սիգնալ չի տալիս, տականք է, չտվողներն ասում են՝ ով սիգնալ տալիս է՝ ինքն է տականք: Ով այնտեղ է՝ լավ տղա է, ով այնտեղ չի՝ վատ տղա է: Սա ի՞նչ է, սա ո՞ւր է տանում: Սրա մեջ որեւէ լավ բան ես չեմ տեսնում: Մենք հպարտ ենք, սա զարթոնք է: Այո՛, երիտասարդները ոտքի են կագնել, այո՛, ոչ ոք չէր սպասում: Բայց եթե երկու կողմերն էլ անզիջում շարունակեցին սա, շատ լուրջ խնդիրներ ենք մենք ունենալու»:

Անդրադառնալով վարչապետ Սերժ Սարգսյանի՝ երկխոսելու առաջարկին, Մարուքյանը հայտարարել է, թե առաջարկը բավական ուշացած է, որովհետեւ մարդիկ հավատ չունեն:

«Հիմա ինչի՞ մասին է Սերժ Սարգսյանի երկխոսության կոչը: Ի՞նչ է ուզում, որ երկխոսեն: Իրավիճակը հետեւյալն է. Սերժ Սարգսյանը բոլորին ասում է՝ ես հրաժարական չեմ տալու: Եվ ասում է՝ եկեք երկխոսենք, բայց այդ հայտարարության մեջ չկա բովանդակություն, չկա՝ ինչի՞ մասին երկխոսենք: Ինչի՞ մասին պետք է Ձեզ հետ խոսեն, պարոն Սերժ Սարգսյան: Այն, որ իրավիճակը կատաստրոֆիկ լարված է, դա միանշանակ է, դա բոլորս գիտենք: Մյուս կողմից՝ կողմներն ի՞նչ են անում, որ իրավիճակը չսրվի: Սերժ Սարգսյանն ասում է՝ ես հրաժարական չեմ տալու, եկեք երկխոսենք, եթե՝ ոչ, անդառնալի հետեւանքներ կլինեն: Մեր շատ սիրելի Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է, նրա հետ երկխոսելու բան չկա: Այսինքն՝ երկու կողմերն էլ փոխզիջելու բան չեն թողնում եւ շարժվում են առաջ»,- նշել է Մարուքյանը: