Սա եւս մեկ ապացույց է, որ պարոն Սարգսյանը լավ չի տիրապետում հանրապետությունում ստեղծված իրավիճակին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, «Մարիոթ» հյուրանոցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսայկցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քիչ առաջ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

«Ես ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, եւ այսօր ժամը 19.00-ին կրկին հավաքվել Հանրապետության հրապարակում: Դուք տեսաք, որ պարոն Սարգսյանը կորցրել է ադեկվատության զգացողությունը, լավ չի տիրապետում իրավիճակին, եւ ուրեմն մենք մենք պետք է շարունակենք ճնշումներն այնքան ժամանակ, քանի դեռ պարոն Սարգսյանի համարժեքության զգացողությունը չի վերականգնվել:

Կոչ եմ անում բոլոր մարզերում, բոլոր գյուղերում կրկնակի ծավալներով իրականացնել քաղաքացիական անհնազանդությունները:

Հոխորտանքներն ու սպառնալիքները չունեն որեւէ իրավական հիմք, որովհետեւ «Հավաքների ազատության» մասին օրենքի 32-րդ հոդվածը հստակ սահմանում, որ քանի դեռ հավաքները բնույթով խաղաղ են, ոստիկանությունը պարտավոր է իր իրավասության շրջանակներում աջակցել հավաքին: Ես ոստիկանությանը կոչ եմ անում չխոչընդոտել հավաքների ազատությանը, եթե նույնիսկ դրանք որոշակի սահմանափակումներ են առաջացնում»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, որ ինքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հստակ ասել է, որ հանդիպման թեման կարող է լինել միայն Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռացումը եւ դրա պայմանները եւ իշխանության անցնցում փոխանցման պայմանները. «Մեր խոսակցության վերջում եւս մեկ անգամ ճշտել եմ, թե արդյոք մենք իրար ճիշտ ենք հասկանում: Արձանագրվել է, որ ճիշտ ենք հասկանում: Նրա խոսքով, պայմանավորվել են, որ հանդիպումը պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ»:

Հարցին, թե ինչպես կարելի է կանխել հնարավոր արյունահեղությունը, եթե հատուկ միջոցներով ցրվի ցույցը, Փաշինյանը պատասխանեց. «Ի՞նչ իրավական հիմքով, ինչ արյունահեղության մասին է խոսքը: Արյունահեղությամբ թող մեզ չվախեցնեն: Մարտի 1-ից պարոն Սարգսյանը դասեր չի քաղել եւ ես համոզված եմ, որ այդ դասը այս քաղաքական պրոցեսի ընթացքում կքաղի»:

Նշենք, որ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը կարճ է տեւել եւ որեւէ արդյունք չի տվել: