Նիկարագուայում ուղիղ եթերում գնդակահարել են բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Լրագրող Անգել Գախոնան պատմում էր Բլուֆիլդս քաղաքում տեղի ունեցողի մասին, երբ կրակոց է հնչել, եւ նա ընկել է գետնին՝ գլխի արնահոսող վերքով:

Ո՛չ Մանագուայի իշխանությունները, ո՛չ Նիկարագուայում Կարմիր խաչի ներկայացուցիչ Լիսեթ Գվիդոն չեն կարողացել հաստատել միջադեպի մանրամասները:

Նաեւ հայտնի չէ, թե ով է կրակել: Նիկարագուական La Prensa պարբերականը հայտնում է, որ այդ պահին շրջանում են եղել ոստիկաններն ու ցուցարարների դեմ պայքարող խմբեր:

Կարմիր խաչը միջադեպից առաջ հայտնել էր, որ ցույցերի ընթացքում բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 6 մարդ:

Տեղական իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել են մոտ 25 մարդու զոհվելու մասին: