Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասան Արցախի փողոց, որտեղ սաղավարտներով ու վահաններով ոստիկանները շղթա կազմած փակել են ճանապարհը: Ցուցարարները փորձեցին ճեղքել շղթան, նրանց եւ ոստիկանների միջեւ բախում սկսվեց (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ոստիկանները սկսեցին մահակներով հարվածել իրենց վահաններին եւ աղմուկ բարձրացնել: Ուժայինները սկսեցին ծխանռնակներ նետել ցուցարարներին ցրելու համար: Նրանք տարան Նիկոլ Փաշինյանին: 

«Ոչ մեկից չվախենաք, ոչ մի տեղ չգնաք: Սերժ Սարգսյանն ուլտիմատում է տալիս մեր խաղաղ ցույցին: Մենք պետք է միանանք ու ազատենք Նիկոլ Փաշինյանին»,-ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: 

Ցույցի վայր է ժամանել նաեւ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ով ասաց, որ տեղյակ չէ, թե ամուսնուն ուր են տարել, այստեղ է իմացել, որ տարել են:

Նշենք, որ մինչ այդ Փաշինյանը կոչով դիմել էր ոստիկաններին՝ հորդորելով վայր դնել զենքերն ու միանալ իրենց պայքարին:

«Տղերք, մեր հայրենիքը հանկարծ չզոհաբերեք կոռումպացված կլանին, սա ձեր երեխաների, ընտանիքների ճակատագրի հարցն է, վայր դրեք ձեր զենքերը եւ միացեք ժողովրդին: Սա ձեր պատասխանատվությունն է ժողովրդի առջեւ»,- ասել էր նա: