Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Չնայած հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության բազմաթիվ կոչերին, Ն. Փաշինյանը շարունակել է ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների:

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքի դադարեցման որոշումն ընդունելուց հետո կազմակերպիչների բոլոր գործողություններն անօրինական են, իսկ հավաքի բոլոր մասնակիցները պարտավոր էին լքել հավաքի վայրը:

Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, ոստիկանությունը իրականացրել է հավաքը ցրելու գործողություն՝ իրավիճակից բխող միջոցներով: Հավաքի կազմակերպիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից:

Հիշեցնում ենք, որ ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով՝ հավաքից հեռացնելու դեպքում մասնակիցը պարտավոր է անհապաղ հեռանալ հավաքի վայրից։ Ոստիկանությունը հերթական անգամ դիմում է քաղաքացիներին՝ հավաքը դադարեցնելու մասին որոշումները ուժի մեջ են, ուստի քաղաքացիները պարտավոր են հեռու մնալ հավաքի վայրից, քանի որ միայն նման կերպով կարող է ոստիկանությունը ձեռնպահ մնալ պատասխանատվության եւ հարկադրանքի միջոցներ կիրառելուց»:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, Արցախի փողոցում բախում տեղի ունեցավ ցուցարարների ու ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, ծխանռնակներ կիրառեց եւ տարավ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին:

Ուժայինները բռնի ուժով բազմաթիվ ցուցարարների են բերման ենթարկել: