Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել Հանրապետության նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

Նա NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկ՝ ապրիլի 21-ի երեկոյան Հանրապետության նախագահը հրապարակ էր գնացել բանակցությունների հնարավորություն ստեղծելու նպատակով. «Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր իր օրակարգը: Նախագահը հայտնել էր, որ վարչապետն ունի իր օրակարգը, իսկ մնացածը պետք է քննարկվեր բանակցությունների ընթացքում: Ի վերջո, սա է ցանկացած բանակցության իմաստը՝ լսել մեկմեկու եւ փորձել գտնել հնարավոր ընդունելին: Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել Հանրապետության Նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը»,-ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով ՀՀ նախագահը ափսոսանք է հայտնում, որ բանակցությունները չշարունակվեցին, որոնք կարող էին հանգեցնել իրավիճակի լարվածության թուլացման:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակծ տեսաուղերձում հայտարարել էր, որ այսօր առավոտյան ժամը 10:00-ին հանդիպելու է վարչապետ Սերժ Սարգսյանին:

«Երեկվա մեր հայտարարությունից, Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումից հետո մենք ստացանք հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել եւ քննարկել այդ օրակարգը: Եվ ահա վաղը առավոտյան ժամը 10:00-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի են ունենալու իմ եւ Սերժ Սարգսյանի բանակցությունները՝ վերջինիս հրաժարականի եւ իշխանության անցնցում փոխանցման պայմանների շուրջ: