«Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Ռուսաստանի վրա հետագա ճնշում գործադրելու հարցը, սակայն օրակարգում չկա նոր պատժամիջոցներ սահմանելու հարց: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

ԱԳ նախարարները կհանդիպեն Տորոնտոյում, որտեղ ծրագրել են քննարկել վերջին զարգացումները Կորեական թերակղզում, Սիրիայում, Մերձավոր Արեւելքում եւ Վենեսուելայում: Նախարարների բանակցությունները հունիսի սկզբին Կանադայում «Մեծ յոթնյակի» առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստական փուլն է:

Նախարարները չեն քննարկի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը, քանի որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան Եվրամիության անդամներ են, որը պետք է միասնական համաձայնության հասնի, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել, հայտնել են դիվանագետները: