Ցուցարարների թիվը ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ շատ է մեծացել. նրանք փակել են փողոցը. Արցախի փողոցից այսօր առավոտյան այս բաժին են բերել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին:

Այստեղ են ժամանել փաստաբաններ, այդ թվում Նիկոլայ Բաղդասարյանը, ում հաջողվել է ներս մտնել եւ տեսնել Արարատ Միրզոյանին: Հարցին, թե ինչ հիմքով են իրենց բերել Միրզոայանը պատասխանել է, որ իրենց աել են, որ սպասում են քննիչներին:

Նշենք, որ արդեն իսկ ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը ձերբակալվել են:

ԱՍյս պահին ոստիկանների թիվը եւս շատ մեծ է ոստիկանության շենգավիթի բաժնի մոտ. նրանք զինված են մահակներով եւ վահաններով, շատերը դիմակավորված են։ Նրանք պարբերաբար հարվածում են վահաններին, փորձում ահաբեկել ցուցարարներին, իսկ վերջիններս  վանկարկում են։

Նշենք, որ ցուցարարները բաժանվել են մի քանի խմբի եւ երթերով անցնում են Երեւանի փողոցներով:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, Արցախի փողոցում բախում տեղի ունեցավ ցուցարարների ու ոստիկանների միջեւ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, ծխանռնակներ կիրառեց եւ տարավ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին: Ավելի ուշ նրանց երեքին էլ ձերբակալել են:

Ուժայինները բռնի ուժով բազմաթիվ ցուցարարների են բերման ենթարկել: