Բանակցություններն ու քննարկումներն այլընտրանք չունեն, եւ միակ փոխընդունելի հանգուցալուծումը եղել եւ մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այս մասին ասված է «Օրինաց երկիր» կուսակցության տարածած հայտարարությունում:

Դրանում, մասնավորապես, նշվում է. «Երեւան քաղաքում եւ հանրապետության մյուս մարզերում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները: Տասնյակ հազարավոր մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ պահանջելով եւ ակնկալելով համարձակ արմատական փոփոխություններ: «Օրինաց երկիր» կուսակցությունը եւս մեկ անգամ հայտարարում է, որ բանակցություններն ու քննարկումներն այլընտրանք չունեն, եւ որ միակ փոխընդունելի հանգուցալուծումը եղել եւ մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Հենց ազատ ու արդար ընտրություններն են իրավիճակի խաղաղ, անարյուն հանգուցալուծման միակ քաղաքական ու քաղաքակիրթ ճանապարհը, ճանապարհ, որով շարժվել են բազմաթիվ երկրներ:

Կարեւորելով եւ, միեւնույն ժամանակ, ափսոսանք հայտնելով Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան չստացված բանակցությունների առիթով՝ կուսակցությունը եւս մեկ անգամ հայտարարում է նոր, հրատապ, առանց նախապայմանների բանակցությունների անցկացման անհրաժեշտության մասին` ըստ անհրաժեշտության ձեւավորելով քաղաքական եւ քաղաքացիական առավել լայն հարթակ:

Կուսակցությունը կոչ է անում իշխանություններին ազատ արձակել անազտության մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին, վերադառնալ կլոր սեղանի շուրջ` եւս մեկ անգամ փորձ անելով գտնել խաղաղ եւ քաղաքակիրթ քաղաքակիրթ հանգուցալուծում՝ ի շահ մեր հայրենիքի եւ ժողովրդի»: