Ապօրինի հավաքի աջակիցների կողմից հասարակական անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու կոչերը շարունակվում են: Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության տարածած հերթական հայտարարության մեջ:

Դրա համաձայն՝ սա վկայում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետությունում օրինականությանը եւ իրավակարգին սպառնացող հանցագործություններ կատարելուն ուղղված կազմակերպչական աշխատանքները:

«Կրկին զգուշացնում ենք, որ ոստիկանությունն ամբողջությամբ վերահսկում է հանրապետության օպերատիվ իրավիճակը, ունի բոլոր ուժերն ու միջոցները՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող ցանկացած ոտնձգություն կանխելու եւ խափանելու համար: Այդ նպատակով ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը»,- ասված է հայտարարությունում: