ՀՅԴ-ն կոչ է անում բոլորին՝ սթափ գնահատել իրավիճակը, զերծ մնալ ծայրահեղություններից եւ բանական ու իրատեսական լուծումներ փնտրել, քանի որ այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի: Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի տարածած հայտարարությունում:

«Վերջին օրերի լարված, պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու,  երկխոսության հարթակ ստեղծելու՝ ՀՅ Դաշնակցության ջանքերը երեկ հույս էին առաջացրել, որ հնարավոր կլինի փոխզիջումային եւ կառուցողական լուծումներ գտնել: Մենք ամեն ինչ արել էինք կողմերին երկխոսության, բանակցությունների բերելու համար:

Ցավոք, սկսված գործընթացը, բեւեռացված մոտեցումների պատճառով, այսօր տապալվեց: Բայց նույնիսկ վերջին իրադարձություններից հետո մենք շարունակում ենք հավատալ, որ ցանկացած փակուղային իրավիճակում կարելի է ելքեր գտնել եւ շտկել կացությունը:

Այս առումով կարեւոր է, որ բոլոր կողմերը հասկանան՝ հաղթողներ ու պարտվողներ չեն կարող լինել: Հասարակության եւ պետության շահերը վեր են ամեն ինչից: Կոչ ենք անում բոլորին՝ սթափ գնահատել իրավիճակը, զերծ մնալ ծայրահեղություններից եւ բանական ու իրատեսական լուծումներ փնտրել: Այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի: Մեզ ոչ ոք հակառակը չի կարող համոզել»,- մասնավորապես ասված է Դաշնակցության հայտարարությունում: