Հայաստանի տնտեսության մեջ բլոքչեյն տեխնոլոգիաների ներդրումը նվազագույնի կհասցնի պետական պաշտոնյաների ու գործարարների շփումը եւ կմեծացնի քաղաքացիների վստահությունը պետական ծառայությունների նկատմամբ: Այսպիսի կարծիք հայտնեց  Հայաստանի տնեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը:

Այսօր, ապրիլի 22-ին, Երեւանում մեկնարկած Armenian Blockchain Forum առաջին միջազգային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրուցելիս նա նշեց, որ պետական ծառայությունների ոլորտում բլոքչեյն տեխնոլոգիաների ներմուծումը մեծ ներդրումներ չի պահանջի, փոխարենը կարող է նկատելիորեն փոխել տրամադրվող ծառայությունների որակը: Այս տեխնոլոգիաներն, օրինակ, կարելի է օգտագործել անշարժ գույքի գրանցամատյաններում, առողջապահության կազմակերպման ոլորտում, մի ամբողջ շարք այլ ճյուղերում: Բլոքչեյն տեխնոլոգիաները կօգնեն ազատվել թղթապանակներից եւ ամբողջ տեղեկատվությունը սկսել պահել մեկ համակարգում: Իսկ քանի որ տեխնոլոգիայի հիմնական առանձնահատկությունը ապակենտրոնացումն է, փոխնախարարի խոսքով՝ դրա օգտագործումը կարող է մեծացնել դրանց վրա հիմնվող ծառայությունների նկատմամբ վստահությունը:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում բլոքչեյն տեխնոլոգիաների ներդրումը ժամանակի ընթացքում կարող է օրենսդրական ուղղումների պահանջ առաջացնել: Սակայն առաջին հերթին անհրաժեշտ է որոշել, թե բլոքչեյնի օգտագործմամբ ինչպիսի կոնկրետ փորձնական ծրագրեր է անհրաժեշտ գործարկել, այնուհետեւ, ըստ անհրաժեշտության, կարելի է նաեւ մտածել օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու մասին:

Ինչպես նշեց Էմիլ Տարասյանը, բլոքչեյն տեխնոլոգիաների ներդրումը բարդացնում է 2 խնդիր՝ անբավարար գիտելիքները (բուն տեխնոլոգիայի մասին, այն մասին, թե գործարքներն ինչ կերպ են կատարվում) եւ անվտանգության հետ կապված ռիսկերը: Երկու խնդիրներն էլ ու դրանց լուծման ճանապարհները ակտիվորեն կքննարկվեն համաժողովի ժամանակ: Ավելին՝ համաժողովին հրավիրված են խոշոր միջազգային ներդրողներ, որոնք նույնպես կարող են օգնել Հայաստանում բլոքչեյն տեխնոլոգիայի ներդրմանը:

Armenian Blockchain Forum առաջին միջազգային համաժողովը Երեւանում մեկնարկել է այսօր՝ ապրիլի 22-ին: Համաժողովին մասնակցում են ավելի քան 600 ներդրողներ, սթարթափեր եւ աշխարհի տարբեր ծայրերից ՏՏ մասնագետներ՝ քննարկելու համար թվային ինդուստրիայի եւ ապակենտրոնացված տեխնոլոգիաների ստեղծման ու զարգացման այսօրվա ամենաարդիական հարցերը:

Համաժողովի առանցքային թեմաներից մեկն է Հայաստանում բլոքչեյն ինդուստրիայի զարգացման ռազմավարության քննարկումը եւ այն հնարավորությունների, որոնք այս տեխնոլոգիաները կարող են բացել երկրի տնտեսության առաջ:

Համաժողովի ծրագրի մեջ ներառված է  աշխատանքային երեք սեկցիա, որոնք նվիրված են բլոքչեյն ինդուստրիայի ապագային, աշխարհի իրադրության զարգացման վրա այդ տեխնոլոգիաների ազդեցությանը, ինչպես նաեւ կրիպտոարժույթների ու ICO նախագծերի մեջ ներդրումներին: Կանցկացվեն նաեւ մաստեր կլասներ ու Roadshow, որի շրջանակում սթարթափերը 20 երկրներից խոշոր ներդրողներին իրենց նախագծերը ներկայացնելու հնարավորություն կստանան: Համաժողովի կազմակերպիչների խոսքով՝ համաժողովին մասնակցող հիմնադրամների ընդհանուր կապիտալը 10 մլրդ դոլարից անցնում է:

Համաժողովի շրջանակում նաեւ նախատեսված է IBM ընկերության հետ հուշագրի ստորագրում Blockchain Open University-ի ստեղծման եւ զարգացման մասին, որը բլոքչեյն տեխնոլոգիայի ոլորտի տեխնիկական մասնագետների համար կրթական ծրագրեր կառաջարկի: