Երեւանի  Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե հրապարակը լեփ-լեցուն է։ Առավոտյան իշխանության բռնի գործողություններից հետո Երեւանի տարբեր վայրերում բողոքի ակցիաներ անող ցուցարարները հավաքվել են հրապարակում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմն ու «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամների մի մասը ձերբակալված կամ բերման են ենթարկվել, այս պահին հրապարակում ցուցարարներին ղեկավարում է ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ ժամը 16.00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 228-ի: Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սագսյանի եւ «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ, իսկ Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են: