ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ժամը 03:30-ի սահմաններում անձամբ այցելել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Ձերբակալված անձանց պահման վայր:

Դավիթ Սանասարյանի հետ տեղի է ունեցել առանձնազրույց նրան ազատությունից զրկելու, նրա պնդմամբ՝ բերման ենթարկելիս Ոստիկանության ծառայողի կողմից իրեն մեկ հարված հասցնելու եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Ուսումնասիրվել են նրան ազատությունից զրկելու հիմքերը, ինչպես նաեւ ստուգվել է բժշկական հետազոտության եւ նրա մյուս իրավունքների ապահովման վիճակը:    

Դրանից բացի, այսօր Դավիթ Սանասարյանի խնդրանքով, Պաշտպանի աջակցությամբ, նրան է տրամադրվել ռադիո ընդունիչ: Դավիթ Սանասարյանի ձերբակալման մասին տեղեկության հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել նաեւ նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանի հետ:Այսօր առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրում առանձնազրույց են ունեցել Արմեն Գրիգորյանի հետ: Ստուգվել են նրա պահման պայմաններն ու իրավունքների ապահովման վիճակը:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի ձերբակալումից անմիջապես հետո այդ մասին Մարդու իրավունքների պաշտպանին պատշաճ կերպով տեղեկացրել է նրա փաստաբան Հայկուհի Հարությունյանը: Պաշտպանն անձամբ կապի մեջ է եղել փաստաբանի հետ եւ իր իրավասության սահմաններում աջակցություն ցուցաբերել փաստաբանին՝ Լեւոն Բարսեղյանի ազատ արձակման հարցում:

Նշված բոլոր հարցերի կապակցությամբ բանավոր ընթացակարգով աշխատանքներից բացի իրավասու մարմիններին կհասցեագրվեն նաեւ համապատասխան գրություններ քրեական հետապնդման համապատասխան մարմիններին: