ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը կանխատեսելի է համարում այն, որ մեր երկրի թշնամիները ստեղծված իրավիճակով ուրախանում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Կարեն Կարապետյանը նշեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութին, ըստ որի՝ արցախա-ադրբեջանական սահմանին զինուժի կուտակումներ են տեղի ունենում:

Հարցին՝ ի՞նչ զարգացումներ կարող են լինել Արցախում, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ բոլորիդ համար կանխատեսելի է, որ մեր թշնամիները սրանով ուրախանում են, ավելին, մենք պետք է չբացառենք, որ այս իրավիճակից, երբ մենք կենտրոնացած ենք լինելու ներքին խնդիրների լուծման վրա, մեր արտաքին խնդիրները «լուծել» ցանկացողները կարող են շատանալ: Բոլորը, ովքեր այսօր որոշակի քայլեր են ձեռնարկում, միշտ այդ ռիսկը պետք է ունենան: Ես հասկանում եմ, որ լիդերները միշտ համարձակ մարդիկ են, բայց համարձակությունը չի ենթադրում, գիտեք ինչ, մաչոյություն, մենք պետք է մինչեւ վերջ հասկանանք, թե ինչ վտանգներ կան: Որ Ղարաբաղում խնդիրներ ունենանք, լա՞վ է լինելու»,-  ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ  այսօր միջազգային հաղորդումներից մեկը վերջում ավարտել է այսպես. «դե սա Հայաստանն է»:

«Մեր դուրը գալի՞ս է, որ բոլորը մեր երկրին վերաբերում են այնպես, որ ռեգուլյար այնտեղ հնարավոր է այսպիսի իրավիճակ: Տեսեք, ես ոչ մի դեպքում իրավունք չունեմ մեղադրելու մեր քաղաքացիներին, որ իրենք այլ կարծիք ունեն եւ իրենց կարծիքն ուզում են անցկացնել, լսեցնել, բայց ես խնդրում եմ բոլորիս, որպեսզի այդ կարծիքը համոզելու, ներկայացնելու, մշակույթ ձեւավորվի:  Չի կարելի քո կարծիքն անցկացնել ուրիշին բռնանալով, ուրիշի առօրյա կյանքը խաթարելով, ասելով՝ դու այս ռեժիմով պետք է անես: Սեւ ու սպիտակ չէ, հասկանում եք: Հիմա շատերն այս կարծիքին լինելով, ովքեր այլ կարծիքի են եւ գուցե հավաքված չեն, համախմբված չեն, որպեսզի ձեւավորեն, որ իրենք այլ կարծիքի են, իրենց մեղադրում են, որ նրանք սեւ են: Ո՞ւր ենք հասնելու»,- ասաց ՀՀ առաջին փոխվարչապետը:

Վարչապետի համոզմամբ՝ որեւէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում: «Իհարկե, եթե քաղաքացիական կանոնների մեջ իրենց պարտականությունները կատարելու դեպքում ոստիկանները որոշակի կոշտ քայլեր են ձեռնարկել, ես դա չեմ ողջունում: Բայց ես, անպայման, ցանկանում եմ մեր ոստիկանության գնահատականը տալ. այս օրերի ընթացքում ես հանդիպել եմ բազմաթիվ այլ երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի, Հոլանդիայի, Իսպանիայի, բոլորը զարմացած են մեր ոստիկանության պահելաձեւով: Որեւէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում: Եվ մենք այդ փաստը պետք է մատնանշենք»,- ասել է ՀՀ առաջին փոխվարչապետը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ այս նյարդային, սթրեսային վիճակում ինքը չի բացառում, որ հնարավոր է՝ եղել են խախտումներ, չարաշահումներ: «Մենք պե՞տք է դրա հետեւից գնանք՝ այո, բայց այնքան համբերատար, որքան հայ ոստիկանն է եղել այս օրերի ընթացքում: Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, կամայական այլ երկրում, որի օրինակը Ձեզ համար կարող է ոգեւորիչ լինել, կարող եք չհանդիպել այսքան հանդուրժող ոստիկան, երբ դիմացը կանգնած՝ ինչ ասես ասում են, թքում են, արժանապատվությանն են կպչում: Եկեք ընդունենք, որ այդ մարդիկ էլ նյարդեր ունեն եւ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ինչպես բոլորս, ունեն տուն, ընտանիք, մայր, երեխա, որոնք եթե վաղը, մյուս օրը սահմանում խնդիր լինի, գնալու են մեզանից շուտ: Եկեք հիշենք մեր այն զինվորներին, որոնք սահմանի վրա կանգնած են ու երեկոյան թեյ խմելուց մեկը մյուսին հարց կարող են տալ՝ լավ, այս ի՞նչ են անում, իսկ մենք այստեղ ո՞ւմ ենք պաշտպանում»,- ասաց ՀՀ առաջին փոխվարչապետը: