Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը այսօր՝ ապրիլի 22-ին հանդիպել է ձերբակալված պատգամավորներ Արարատ Միրզոյանի եւ Սասուն Միքայելյանի հետ, սակայն նրան չի հաջողվել հանդիպել Նիկոլ Փաշինյանին։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արամ Սարգսյանը ասել է, թե կեսօրին տեղեկություն ուներ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրից, իսկ հիմա չունի։ «Ինձ վստահեցրել են, որ նորմալ է, նորմալ պայմաններում»,- ասել է Սարգսյանը։ Նա նշել է, թե Սասուն Միքայելյանի եւ Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է։ «Նրանց իրենք իրենց հարմար պայմաններում են զգում։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար բոլոր հնարավոր միջոցներն օգտագործեցի, բայց չստացվեց»,- ասել է Սարգսյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ, իսկ Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են: