Հանրապետության հրապարակում այսօր՝ ապրիլի 22-ին, «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքն ավարտվեց «Բամբիռ» ռոք խմբի համերգով: «Ով որ ժամը 10.30-ից հետո մնա փողոցում, մեզ հետ կապ չունի»,-հայտարարեց հանրահավաքը վարող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը:

Հանրահավաքում նշվեց, որ վաղը եւ այսուհետ եւս շարունակելու են քաղաքացիական անհնազանդության ակցիաները, մինչեւ Սերժ Սարգսյանն ընկրկի. «Ամեն առավոտ 8.15-ին սկսում ենք քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ապակենտրոն, սա շատ կարեւոր է: Եթե բախում են հրահրում, այլ տեղ եք հավաքվում, բախման չեք գնում: Ցերեկը երթեր են կազմակերպվում, մարզերի բնակիչները կամ գալիս են Երեւան, կամ ակցիաներ են կազմակերպում իրենց քաղաքներում: չենք մոռանում նաեւ տոտալ դասադուլների ու գործադուլների մասին»,-հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Նիկոլ Փաշինյանն է կոչ արել, որ պետք չէ բախման գնալ ոստիկանների հետ կամ գիշերը մնալ փողոցում:

Նշենք, որ այսօրվա հանրահավաքում ելույթ ունեցան հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության ներկայացուցիչները: Հանրահավաքի կազմակերպիչները թույլ չտվեցին ելույթ ունենալ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:

Նշենք, որ ժամը 19.30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 277-ի: Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սագսյանի եւ «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ, իսկ Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են: