Մարդկային գործունեությունը բերում է խոշոր կաթնասունների ամբողջական անհետացման, հայտնում է USA.one-ը: Այսպիսի եզրահանգում է կատարել Նյու Մեքսիկոյի համալսարանի կենսաբան Ֆելիսա Սմիթի ղեկավարծ գիտնականների խումբը:

Մեր ոլորակի վրա ամենախոշոր կենդանին կդառնա կովը: Ժամանակակից Հյուսիսային Ամերիկայի տարածքում ընդամենը 13 հազար տարի առաջ ֆլորայի եւ ֆաունայի ահռելի բազմազանություն է եղել: Սակայն մարդու բնակեցումից հետո խոշոր կաթնասունների մեծամասնության պոպուլյացիաները սկսել են սրընթաց կրճատվել: Մարդը տարածքի եւ սնունդի աղբյուրների համար ակտիվ պայքարի մեջ է մտել  մոտ 3 հազար տարի: Արդյունքում նախկինում սննդային շղթայում առաջատար դիրքեր գրավող կենդանիները կա՛մ երկրի երեսից ընդհանրապես անհետացել են, կա՛մ բնաջնջման եզրին հայտնվել:

125 հազար տարվա ժամանակահատված ընդգրկող հետազոտությունը ցույց է տվել, որ մոլորակի յուրաքանչյուր տարածաշրջանում մարդու հայտնվելով տեղական բնակիչների միջին քաշը սկսել է սրընթաց նվազել: Այսպես՝ Հյուսիսային Ամերիկայում կաթնասունների միջին քաշը այս ժամանակահատվածում նվազել է 98-ից մինչեւ 7,6 կգ, այսինքն՝ 12 անգամ: