Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկեց եւս մեկ բողոքի երթ. Նրանցից մի քանիսը հայտարարեցին, որ իրենք 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցներ են: Երթին մասնակցում են նաեւ արցախյան պատերազմի վետերաններ:

Նրանցից մեկը հայտարարեց, որ իրենց նպատակն է ազդել եւ իշխանական օղակների վրա, եւ ժողովրդին հորդորել՝ չգնալ բռնությունների ճանապարհով. «Բոլոր օղակներում մեծ հարգանք կա ապրիլյան պատերազմի մասնակիցների նկատմամբ եւ ոչ մի ոստիկան չի դիպչի մեզ: Եթե որեւէ քաղաքացու կհարվածեն, մենք պիտի ասենք՝ ավելի լավ է մեզ հարվածեք»,-բարձրախոսով հայտարարեց քառօրյա պատերազմի մասնակիցներից մեկը. նա կոչ արեց պատերազմի մասնակիցներին առաջին շարքում կանգնել եւ երթը մեկնարկեց:

Նշենք, որ այս պահին բողոքի մեծ ու փոքր ակցիաներ են ընթանում քաղաքի տարբեր հատվածներում: Մի խումբ ցուցարարներ փակել էին Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկը: Բժշկական համալսարանի ուսանողներն էլ բողոքի ակցիա են իրականացրել Աբովյան-Հերացի հատվածում, որտեղ նրանց դեմ ոստիկանները ուժ են կիրառել եւ մի քանիսին բերման ենթարկել:

Բողոքի ակցիաներ են ընթանում նաեւ Վանաձոր, Գյումրի, Սեւան, Հրազդան քաղաքներում:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: երեկ՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սագսյանի եւ «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են: Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրն այս պահին անհայտ է:

Նշենք, որ գիշերը ժամը 00.00-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 315-ի: